Մի անգամ միլիոնատեր Ֆինեաս Թեյլոր Բառնումին է մոտենում մի հաղթանդամ մարդ ու փող խնդրում: Միլիոնատերն ուշադիր նայում է նրան և առաջարկում հետևյալը.

_Եթե ցանկանում ես փող աշխատել, ես քեզ հնարավորություն կտամ: Դու կաշխատես երկու դոլար օրվա մեջ, բայց պետք է անես իմ ասած քայլերը: Վերցնում ես այս աղյուսը և դնում այն խաչմերուկի եզրին, որտեղ խաչվում են Բրոդվեյ և Էնն սթրիթները, մյուսը դնում ես Բառնումի թանգարանի մոտ, երրորդը Բրոդվեյ և Վիսսի սթրիթի անկյունում, իսկ վերջինը Սուրբ Պավելի դարպասների մոտ: Այնուհետև վերցնում ես հինգերորդ աղյուսը և հերթով մոտենում ես քո դրած աղյուսներին և ձեռքինդ դնում ես գետնին, իսկ գետնինը վերցնում ձեռքդ: Այդպես պտտվում ես այս չորս տարածքներով, որտեղ դու դրել ես աղյուսները և փոխում ես մեկը մյուսով: Ամեն անգամ պտույտը վերջացնելուց հետո մտնում ես Բառնումի թանգարան ամբողջությամբ շրջում ես թանգարանով և դուրս ես գալիս ու նորից շարունակում   պտույտը:

Հաղթանդամ մարդը վերցնում է աղյուսն ու անցնում գործի: Չի անցնում կես ժամ, երբ Բրոդվեյ փողոցի տարբեր անկյուններում մոտ 500 անցորդներ սկսում են հետաքրքրվել, թե ինչու՞ է այս անծանոթ, հաղթանդամ մարդը աղյուսը ձեռքին պտտվում: Ի՞նչ է այստեղ կատարվում, որտեղի՞ց են այս աղյուսները, ինչու՞ համար է նա անընդհատ պտտվում, հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չգիտեր և հետևաբար հետաքրքրասերների շրջանակը մեծանում էր: Մեկ ժամից Բրոդվեյ փողոցի և Բառնումի թանգարանի խաչմերուկում մարդկանց մի ամբողջ զանգված էր հայտնվել և փակել մոտակա բոլոր փողոցները:

Ամեն անգամ պտույտը վերջացնելիս այս հաղթանդամ մարդը մտնում էր Բառնումի թանգարան և վերադառնում նորից իր պտույտին: Մի ժամից հետո նրա հետևից արդեն մարդիկ մտնում էին թանգարան, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում թանգարանի ներսում: Բայց միտքը կայանում էր նրանում, որ մուտքը տոմսով էր և հետաքրքրասերները տոմս էին առնում ու նոր մտնում թանգարան: Նրանց շատ էր հետաքրքրում այս մարդու քայլերի իմաստը: Քիչ հետո այնքան մարդիկ էին հավաքվել, որ գործը հասնում է ոստիկանություն, քանի որ հետաքրքրասերների բանակին հնարավոր չէր կառավարել: Պարզվում է, որ այս աղյուսի տեղափոխման պահը հիանալի գովազդ էր հենց Բառնումի համար, ով իր թանգարանի այցելությունը բարձրացնելու նպատակով որոշել էր հիանալի գովազդ կազմակերպել: Այսինքն մարդկանց մոտ առաջացներ հետաքրքրություն, որից հետո նրանք իրենց կամքով կայցելեին թանգարան: Այս օրվանից հետո Նյու-Յորքի ամենահայտնի և մարդաշատ փողոցներից մեկը դարձավ Բրոդվեյը: