Հենրիկ Էդոյան Փողոցի բաժանվող մասում: Բանաստեղծություններ Սոսկ մի բառ Բանաստեղծն

Փողոցի բաժանվող մասում: Բանաստեղծություններ

Փողոցի բաժանվող մասում: Բանաստեղծություններ

Սոսկ մի բառ

Բանաստեղծն ասում էր-
«Տվեք ինձ մի բառ
և ես աշխարհը
կշրջեմ ոտից գլուխ»:
Սոսկ մի բառ` թաքնված
բոլոր բառերի մեջ:
Արվեստը մեռած է, քաղաքը՝ սսկված
Գեղեցկությունն ընկավ ինչպես ժամացույցի
կոտրված սլաք: Տերևներից վերջին
աղոթքն հավաքիր: Ինչ պիտի ասես —
ասա քամիներին,
ոչ ոք չկա շուրջդ: Արվեստը մեռած է,
քաղաքը` սսկված,
օրերը փողոցի չորացած ծառեր են
փոշու մեջ խեղդվող,
մարդիկ` հուշարձաններ:
Ձեռքդ շարժիր անցնող
կյանքի կադրերին,
որոնց մեջ դու կարող ես ինքդ քեզ գտնել,
սակայն` անցյալում:
Խաբկանքին հրաժեշտ տուր:
*
Ինչպես ճապոնացի պոետը չէր կարող
տարբերել թարմ ձյունը և թափված
շուշանների սպիտակ տերևները,
այդպես ես չեմ տարբերում
հիշողությունը
և սերը
միմյանցից: Մեկը նայում է ինձ
անցյալի մթությունից, մյուսը` իր ներկա
պայծառությունից: Երկուսի միջև
նրանք փոխում են իրենց տեղերը-
հիշողությունը որ երբեք ինձ չի լքում,
և սերը` անցյալի
բեկորների վրա: Միայն ձեռք տալով կարող ես
որոշել, ո՞րն է սերը և ո՞րն է
հիշողությունը, ո՞րն է ձյունը, և ո՞րն է շուշանի
տերևը:
Ինչպես ասում էին
Բանաստեղծն ասում էր-
<<Այնտեղ, ուր սեր չկա
և չկան սիրահարներ
կյանքը դառնում է անվերջ կրկնվող
հուղարկավորություն
և ժամանակը կանգնում է քարացած
իբրև մահարձան>>:
Ամեն ինչ այնպիսին է, ինչպես ասում էին:
Անավարտ խոստումներ
Առավոտը մոտենում է խոստումներով լի,
բայց օրվա մեջ նրանք
պակասում են մեկ-մեկ, նվազում են, իջնում
և երեկոյան գիշերվա շեմին
լրիվ անհետանում: Ես անցնում եմ առաջ
ազատված խոստումներից:
Իմ հագից հանում եմ նրանց,
դնում եմ աթոռին
և հետո միացնում եմ հեռուստացույցը:
Նոր քայլեր, նոր խոստումներ և նոր առավոտ,
ես նրանց սպասում եմ թեև օրվա մեջ
ոչինչ չի կատարվում: Արևի անիվը
պտտվում է օդում:
Աստված հեռու է: Ամեն շարժում անցնում է
իմ կյանքի միջով: Ես դուրս եմ ելնում,
մտնում բազմության մեջ, որ ոչինչ
չի խոստանում: Ես սպասում եմ
Реклама
Рубрика: Без рубрики

Ճամփորդությունը` ուսումնական հետազոտական աշխատանք

    ‹‹Ճամփորդությունը սովորեցնում է շատ ավելի, քան որևէ այլ բան: Երբեմն մեկ օրը, անցկացրած այլ տեղում, ավելի շատ բան է տալիս, քան տանը անցկացրած տասը տարին››: (Անատոլ Ֆրանս)

 

      Ուզում եմ ներկայացնել վրաստանյան ճամփորդությունը` որպես ուսումնահետազոտական աշխատանք: Թբիլիսի մեկնելու միտքը անքան էր դուր եկել սովորողներին, որ ամեն օր դիմում էին` իրենց ընդգրկելու խնդրանքով: Իհարկե, լավ էր, որ ցանկացողներն այդքան շատ էին, բայց բոլորին ընդգրկել չէինք կարող: Նախագիծն արդեն ունեինք` Թբիլիսի, Հավլաբար, Վարդատոն: Սովորողներին առաջադրանքներ հանձնարարեցի. կարդալ Թբիլիսիի մասին, համացանցի միջոցով ուսումնասիրել, տեղեկություններ հավաքել Հավլաբարի, Վարդատոնի մասին: Նրանք գործի անցան: Ամեն օր ես ստանում էի աշխատանքներ` նախագծի շրջանակներում (http://highsc.mskh.am/node/528 ,  http://highsc.mskh.am/node/526): Պետք է ասեմ, որ Գեղարվեստի ավագ դպրոցն ուներ մի քանի նախագիծ, ու սովորողներին հրապուրել էին և ճամփորդությունը, և նախագծերը: Եվ այսպես, մեկնողների կազմն արդեն հայտնի էր: Աշխատանքները, որոնք նրանք ներկայացրին, կատարված էին խնամքով, ոգևորված, նպատակային: Այդ աշխատանքների շնորհիվ նրանք իրենց համար բացահայտեցին նոր տեղեկութուններ, որոնք փոխանցում էին մյուս սովորողներին: (Այստեղ այն աշխատանքների հղումներն են, որոնք կատարել են մինչ Վրաստան մեկնելը):

    Ահա, ճամփորդության օրն է: Ճանապարհը երկար է, և չձանձրանալու համար ստեղծում ես քեզ համար հետաքրքրություն` կարդում ես, փորփրում համակարգիչը, զրուցում ընկերոջդ հետ: Սակայն վրաստանյան ուղևորության ընթացքում ոչ կարդացինք, ոչ համակարգչով զբաղվեցինք, որովհետև սովորողների խումբը կարողացավ մեզ զբաղեցնել. երգեցին, պարեցին, կատակեցին, լուսանկարեցին:

     Վրաստանում ենք, Թբիլիսիում: Այնտեղ անցկացրած օրերն արագ թռան: Մենք հասցրեցինք իրականացնել մեր նախագծերը, բայց, եթե էլի օրեր ունենայինք, անելիքներ կային: Բոլոր նախագծերը լուսաբանվեցին Երևան գալուն պես: Այնտեղից ևս տեղեկություններ էինք հայտնում, սակայն ամբողջական ներկայացրինք տանը` ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում: Ես ուզում եմ անդրադառնալ սովորողների տպավորություններին, բայց մինչ այդ հայտնեմ իմ տեսակետը: Տարիներ շարունակ ճամփորդել եմ սովորողների հետ և ճանաչել եմ տարբեր կողմերից: Հետաքրքիր է, որ ճամփորդության ընթացքում սովորողները սկսում են ուսումնասիրել դասավանդողներին, կարծիքներ են հայտնում և վերջապես վստահում են ու դառնում ընկերներ: Ես է՛լ ավելի սիրեցի մեր սովորողներին` տեսնելով նրանց ուշադրությունը, պատրաստակամությունը, աշխատասիրությունը: Նախագծում, որը պետք է ներկայացնեինք, ընդգրկված էին սովորողներ, որոնց ես չեմ դասավանդում, բայց դա բոլորովին չխանգարեց մեր աշխատանքին: Նույնիսկ օգտակար եղավ. աշխատում էինք, քննարկում, վազվզում: Եղանք Հավլաբար թաղամասում, զրուցեցինք մի քանի հնաբնակ հայերի հետ, լուսանկարեցինք տներն ու փողոցները, եղանք Խոջիվանքում և խորը ակնածանքով շրջեցինք անվանի մեծերի պանթեոնում: Եղանք հայկական եկեղեցում, ‹‹Հայարտանը››, հարցազրույց վերցրինք Վարդատոնի մասին, այցելեցինք Սայաթ-Նովայի հուշարձանին` Ս.Գևորգ եկեղեցու բակում, որտեղ տոնում են Վարդատոնը: րձանը ծածկված էր մոմլաթով` մոտակայքի շինարարական աշխատանքների պատճառով: Շատ հայերի հանդիպեցինք, զրուցեցինք սիրով, քայլեցինք, դիտեցինք, նկարեցինք ու լուսանկարեցինք: 

      Ճամփորդությունն ավարտվեց, սակայն մնացին աշխատանքները, լավ հուշերը և սովորող-դասավանդող հարգալից, ջերմ վերաբերմունքը:

    Երևան վերադառնալուն պես ամբողջացրինք մեր կատարած աշխատանքները: Այստեղ արդեն տեսանելի էր, թե որտեղ ենք թերացել, ինչն ենք լավ արել, նորից անդրադարձանք, քննարկեցինք: Մի դասաժամի տարբեր դասարաններում ես հանձնարարեցի գրել ստեղծագործական շարադրություն` ‹‹Ի՞նչ է ճամփորդությունը››  վերնագրով: Այստեղ ուզում եմ մեջբերել նրանց տողերից.

    ‹‹Ճամփորդությունը հրաշալի է, բայց միևնույն ժամանակ` սթրես: Շատ հաճախ ենք մեր կողքին լսում օտար լեզվով բառեր, տեսնում ենք անհասկանալի ցուցանակներ, քայլում օտար քաղաքով: Այդ դեպքում պետք է արագ կողմնորոշվել` ուր գնալ: Դա փոքրիկ խնդիր է, որը մարդը լուծում է, երբ հայտնվում է այդպիսի իրավիճակներում: Իմ կարծիքով, դա կյանքում միշտ պետք է գալու››: (Լուսինե Քոչարյան)

    ‹‹Ճամփորդությունը սովորեցնում է շփվել տարբեր մարդկանց` իր ուղեկիցների և այլ բնակավայրերի մարդկանց հետ: Ճամփորդության ընթացքում վերանայում ես քո ապրելակերպը` չուշանալ, չմոլորվել, շատ տեսնել, ուսումնասիրել, հարգալից և սիրալիր վերաբերվել տանտերերին››: (Տիգրան Ոսկերչյան-12-րդ դաս.)

     ‹‹Պաշտում եմ ճամփորդությունը….Դա ինձ համար նոր բան իմանալու միջոց է: Նախօրոք կարդում եմ տվյալ տեղանքի մասին, ուսումնասիրում նրանց մշակույթը, ծանոթանում բարքերին, երբեմն` սովորում բարբառները: Բայց սիրում եմ պատմությանը ծանոթանալ հենց տեղում. այդպես հետաքրքիր է և տպավորիչ: Իսկ Թբիլիսի նորից մեկնելու համար պարզապես պետք է սովորեմ վրացերեն››: (Հայկ Գրիգորյան-10-րդ դաս.)

    ‹‹Ճամփորդությունը ավելի ինքնուրույն է դարձնում: Նաև հնարավորություն է տալիս պատմել ընկերներին քո նախասիրությունների մասին: Սիրում եմ լուսանկարել ճամփորդության մանրամասները, զավեշտական կադրերը, վանքերն ու քարերը››: http://tsov11sim.wordpress.com/2013/04/21/%D5%B3%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%80%D5%A4%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A1-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A6%D5%A2%D5%A1%D5%B2%D5%B4%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%E2%99%A5/ ? (Ծովինար Սիմոնյան)

    ‹‹Ճամփորդության ընթացքում ես ինքս ինձ ավելի եմ ճանաչում: Դա օգնում է, որպեսզի հետագայում սխալներից խուսափեմ: Ճամփորդությունը ինձ համար բացահայտում է: Նաև` հնարավորություն է ճանաչելու աշխարհը, (թող դա լինի հայրենիքի հեռավոր շրջանը) և հասկանալու, թե որքանով եմ այդ աշխարհի մի մասնիկը››: (Անահիտ Ակկամ)

     ‹‹Վրաստանյան ճամփորդությունն ինձ համար զարմանք էր, մի քիչ անծանոթ քաղաք, ջրվեժ, նկարչություն, նոր բարեկամություն, զբոսանք և լիքը ժպիտներ››: (Քրիստինե Աթոյան)

     Այս տողերը ես ներկայացնում եմ, որպեսզի ընթերցողին պարզ լինի, որ սովորողները սովորում են արտահայտել իրենց զգացածը, ստեղծում և ստեղծագործում են:    Ճամփորդությունը օգնում է գնահատելու ընկերոջդ կարողությունները: Դա ես զգացի, երբ նկարիչ սովորողները սկսել էին պերֆորմանսը, մյուսները սիրով ու հպարտությամբ էին հետևում: Երբ խմբերի բաժանվելով` գնում էինք տարբեր նախագծեր իրականացնելու, երեկոյան անհամբեր միմյանց պատմում էին իրենց կատարածի մասին: http://highsc.mskh.am/node/629

Սա նկարագիրն էր մեկ ճամփորդության: Բազում այսպիսի ճամփորդություններ են կազմակերպվել ու կազմակերպվում մեր կրթահամալիրում: Վստահ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ճամփորդություն տալիս է ստեղծագործելու, զարգանալու, աճելու հնարավորություն:

     ‹‹Ճամփորդությունը, ինչպես բարձրագույն և լուրջ գիտություն, օգնում է նորից հայտնագործելու ինքդ քեզ››:     (Քամյու)

Նյութերը` իմ բլոգում  https://sofiayvazyan.wordpress.com/

Рубрика: Без рубрики

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
ծաղիկներու պէս զայն ժողուեմ ճամբուս վրան`
նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր»:Նրա ցանկութիւնները ներանձնականից վերածւում են համամարդկայինի.
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան`
ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ»:
Այն մի մեծ օրհներգ է բնութեան, մարդկութեան բոլոր արարածների, նրանց կեանքի, նրանց ճակատագրի հանդէպ:
«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան`
խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու»:
Իր ստեղծած հսկայ կտաւի օրհներգում ընդգրկում է մանուկներին, երիտասարդներին, ծերերին, կոյսերին, հիւանդներին, ճամբորդներին, խաւարում խարխափողներին, գեղջուկներին, բանուորներին, երկրագնդի բոլոր արարածներին:
«Տո՜ւր ինծի, Տէ՜ր ուրախութիւնն անանձնական.
ժողուել` հոգւոյն մէջ ծերերուն, կոյսին, մանկան,
պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանուորին»:
Իր մաղթանք-աղօթքում շեշտում է նաեւ, որ մարդկային յոռի ախտերը չխանգարեն իրեն ուրախութիւն բաժանելիս, որ չլինի յանկարծ, նիւթապաշտութեամբ տարուելով` արհամարհի այլոց վիշտը, կարծրանայ սիրտը ուրիշների կորստի հանդէպ:
«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
ու չըլլա՜յ որ ուրիշներու կոծն ու կական
խեղդել ուզեմ ջըրվէժին մէջ դափիս ձայնին»:
Այսպէս միայն Նարեկացին է մտածել`թողութիւն խնդրելով մարդկային բոլոր մեղքերին` «Սուգը փարատուի, խաւարն հալածուի»:
20 ամեայ երիտասարդի բովանդակութեան ընդգրկունութիւնը` լոյս ու խաւար, ծովից դաշտ, ակօս ու ժայռ, ապշեցնում է իր խորութեամբ ու տարածութեամբ: Եւ իր օրհներգ-աղօթքը աւարտում է համամարդկային մեծ ընդհանրացումով.
«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
ժողուել` հոգւոյն մէջ ամէնուն, համայնական
հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ` ամէն ժամ:
Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն,
անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն,
տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն`
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական»:
Այս եզակի, ինքնատիպ բանաստեղծը ոչ միայն իր հետքը թողեց մեր քնարերգութեան մէջ, այլ շատերը ընդօրինակեցին նրան, համեմատուեցին, չափուեցին, բայց պարտուած ու լուռ հեռացան` խոնարհուելով նրա թողած հարստութեան առջեւ: Այսօր այդ հարստութիւնը մեզ է պատկանում, եւ ուրախալի է, որ այն միայն արեւմտահայութեան սեփականութիւնը չմնաց, այլ առաջին իսկ պահից նրան ընդունեցին մեր արեւելահայ մեծութիւնները` Տէրեան, Չարենց, Թումանեան, Իսահակեան եւ բոլոր եկող մեծութիւնները ու մինչեւ այսօր իւրաքանչիւր եկող սերունդ իր կեանքի ամենանուրբ` սիրոյ տենչանքից ու երազանքից ծնուած ապրումները սփոփում է նրա «հեշտագին գիշերների», «լուսեղէն գինով օծուած դիւթանքի ալիքներով»:
Անանձնական ուրախութեան պատգամախօսները երբեք չեն մեռնում, նրանց երթը յաւէտ է եւ այդ յաւէտ երթը մեր գալիք սերունդների համար է: Մնում է մեր ներաշխարհը հարստացնենք նրանց տուածով:

 

Рубрика: Без рубрики

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Рубрика: Без рубрики

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:
Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք , չէ՞ որ ամեն մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:
Խնայեք իրար, մարդիկ…