OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA
01 սեպտեմբերի 2015թ. Սլովենիա, Լյուբլյանա

Առավոտյան դուրս եկա տնից, պետք է այցելեի թոռնիկիս. ամեն առավոտ զբոսնում ենք: Քաղաքն անսովոր աղմկոտ էր. սեպտեմբերի մեկն է: Ագահությամբ, մի քիչ էլ հուզված նայում էի դպրոց գնացողներին: Մտքերով եկա կրթահամալիր, տեսա բոլորին աշխատանքային առօրյայում: Սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսումնական նոր տարին: Մաղթում եմ բեղմնավոր, նորարարություններով լի ուսումնական տարի:
Մի փոքր պատմեմ Լյուբլյանայի ավագ դպրոցների սովորողների մասին: Հիմնական դպրոցն ավարտողները (9-րդ դասարանը) իրենց հետագա ուսուցումը շարունակում են տարբեր քոլեջներում. ուսուցումը չորս տարի է: Ավագ դպրոցներ չկան: Նրանց ուսուցման կազմակերպումը հիշեցնում է մեր կրթահամալիրը՝ մասնագիտական դասարաններ, նախընտրած դասընթացներ, շատ արշավներ, նաև՝ վրանային, ազատ հագուստ, սպորտ: Արձակուրդների ընթացքում կազմակերպվում են արշավներ, ցուցադրություններ: Լավ, այսօրվա մասին. քայլում էի ու դիտում պատանի դպրոցականներին: Պատանի քոլեջականներին սլովեներեն ասում են դիակ: Առաջին անգամ լսելով՝ ծիծաղեցի, և երբ բացատրեցի մեր ուկրաինացի բարեկամներին, թե հայերենում ինչ է նշանակում, նրանք էլ ծիծաղեցին: Մեր բնակարանն էլ գտնվում է մի շենքի դիմաց, որը նրանց հանրակացարանն է: Եվ այսպես, ես կարողանում եմ կարդալ շենքի վրա մեծ-մեծ տառերով գրված (սլովեներեն)՝ դիակների տուն, որը թարգմանաբար նշանակում է պատանի ուսանողների կացարան: Ի դեպ. այդ հանրակացարանում բնակվում են Սլովենիայի տարբեր քաղաքներից և գյուղերից եկած պատանիները: Քանի որ տրանսպորտը բավականին թանկ է այստեղ, նրանց ծնողները գերադասում են վճարել ամիսը 120 եվրո, և իրենց երեխաները ամեն օր տուն չեն գնում, ունենում են հսկող մանկավարժներ, սնունդ և կացարան, տուն են գնում միայն ուրբաթ օրերը: Սեպտեմբերի մեկին դասեր առանձնապես չեն լինում, քանի որ մեկ-երկու ժամից արդեն բոլորը թափառում էիմ քաղաքում և միմյանց վրա ձվեր ջարդում, կամ նկարում դեմքերին: Դա ընդունված սովորույթ է պատանիների շրջանում. բարձր դասարանների սովորողները նկարելով, ես կասեի մնդռելով առաջին կուրսեցիների դեմքերը, ընդունում են իրենց շարքերը: Այսօր քաղաքում ամեն քայլափոխի հանդիպում էի այդպես ներկված տղաների ու աղջիկների, նույնիսկ մեկի հետ նկարվել եմ: Ահա այսպիսի սեպտեմբերի մեկ:

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA