Image

2013թվականը ինձ համար մի շարք կարևոր գործեր ավարտին հասցնելու և նորն սկսելու տարի էր: Լավ է, երբ ոչինչ հենց այնպես չի ավարտվում: Լավ է, երբ անընդհատ գործում ես, քանի որ աշխատել՝ նշանակում է ապրել, սիրել, ստեղծել, սովորել: 

Երկխոսություն՝ ինքս ինձ հետ

Անցյալ ուսումնական տարում սովորողներին առաջադրանք հանձնարարեցի՝ ստեղծագործական ազատ շարադրանք՝ «Երկխոսություն ինքս ինձ հետ»: Ես նրանց բացատրում էի, սովորեցնում, որ պետք է շարադրել ազատ, անկեղծ, այնպես ներկայացնել, կարծես դա երկխոսություն է: Նույնիսկ, հիշում եմ, ասացի՝ «լավ տարբերակ է, եթե հայելին դնեք ձեր դիմաց ու զրուցեք, ապա գրեք ձեր զրույցը, կարծում եմ, կստացվի»:  Բավականին մեծ թվով աշխատանքներ, իրոք անկեղծ էին, անկաշկանդ: Սա ես հիշեցի, քանի որ ինքս պետք է հաշվետվություն ներկայացնեմ գործընկերներիս, սովորողների, կրթահամալիրի, մեզնով յուրաքանչյուր հետաքրքրվողի և իմ առաջ: Օրեր առաջ սկսեցի գրել դիջիպատումը, բայց մի տեսակ չոր ստացվեց, դրեցի մի կողմ: Այսօր նորից բացեցի մեդիապանակս, հիշեցի տիար Բլեյանի ասած՝ գրեք այնպես, կարծես ձեր վերջին տարին է, հիշեցի, թե ինչպես էի սովորեցնում աշակերտներիս ու….

Սկզբում կազմեցի հարցեր, սակայն հիմա հարցերը չեմ գրի: Պատկերացրեք՝ օգնեց, հայելին էլ օգնեց:

Եվ այսպես…ունեմ կրթահամալիր, ունեմ հոգատար գործընկերներ,  ունեմ աշակերտներ, ունեմ սիրելի աշխատանք: Եթե 2013 թվականի մասին խոսեմ, պետք է ասեմ, որ հագեցած տարի էր, բեղմնավոր:

Իհարկե, խնդիրներ էլ են լինում, բայց առանց դրանց չես կարող անընդհատ առաջ շարժվել: Խնդիրները հաճախ նոր լուծումներ են առաջ բերում: Խնդիր է, երբ դասաժամը ոչինչ չի տալիս սովորողին: Այդ ժամանակ ես չափազանց դժգոհ եմ լինում ինձնից: Պատճառներն, իհարկե, տարբեր են. գուցե ես այնպես չեմ կազմակերպում դասապրոցեսը, գուցե սովորողներն այդ օրը տրամադրված չեն դաս անելու իմ մեթոդով: Այստեղ է, որ ուզում եմ ասել՝ անհատական մեդիան եկավ լուծելու այդ խնդիրը: Սա, հիրավի, մեծ ձեռքբերում էր: Չեմ փորձի ներկայացնել, թե որքան օգտակար եղավ դասի կազմակերպմանը մեդիան, միայն ասեմ, որ սովորել չսիրող սովորողն էլ է սկսում աշխատել՝ ունենալով անհատական համակարգիչ:

Այսօր կրթահամալիրի ձմեռային դպրոցի երկրորդ օրն էր: Օրվա ծրագրում ընդգրկված են երգուսուցման և պարուսուցման ժամեր: Ես միշտ ամաչել եմ երգել, որովհետև կարծել եմ, որ չեմ կարող, ձայնս լավը չէ: Այսօր ինքս ինձ համոզում էի, որ կարող եմ երգել, իսկ միասնական պարերը շատ գեղեցիկ են: Իսկ երբ երգում, պարում է մի ամբողջ կրթահամալիր…

Ամառվա մեծ մասն ու ուսումնական առաջին կիսամյակը սկսել եմ Եվրոպայից: Գտնվելով այնտեղ՝ մի քիչ նախանձով եմ նայել եվրոպացներին, բոլոր լավ բաներում տեսնում էի մեզ՝ հայաստանցիներիս ու մտածում, որ այսքան աշխատասեր ազգ լինելով՝ ինչո՞ւ չենք կարող ունենալ այսպիսի երկիր: Ապա զրուցելով մարդկանց հետ՝ հպարտությամբ զգացի, որ ունեմ կրթահամալիր, որը գերազանցել է եվրոպական դպրոցներին: Այն, որ չկարողացա մուտք գործել որևէ դպրոց, բոլորը արձակուրդում էին, արդեն անհամեմատելի է:  Բավականին նյութեր եմ հավաքել այլ ժողովուրդների մշակույթի մասին, կենցաղի, տեսարժան վայրերի, որոնց մի մասը Գեղարվեստի սովորողների հետ դարձրել ենք ուսումնական նախագիծ, ուսումնական նյութ: Ինքս սիրում եմ լուսանկարել, նկարահանել, հաճախ պատրաստում եմ տեսանյութեր և ֆիլմեր`

Սա էլ բլոգս

Եվրոպայի ցուցահանդեսներում

Մշակութային արշավ

Մյունխենյան պատկերներ

Ճանապարհորդություն-1   film 3

Ճանապարհորդություն-2   Venetik

Ճանապարհորդություն-3   ֆիլմ-2

Ճանապարհորդություն-3  Սլովենիա

ապա կազմակերպում դասապրոցեսը այդ թեմաներով: Գրել եմ ստալակտիտների քարանձավների մասին,  պատրաստել եմ տեսանյութ, կարդացել ենք սովորողների հետ, դիտել, քննարկել:

Դեռևս անցյալ ուստարում որոշ նախագծեր փորձարկել եմ: Ասում եմ փորձարկում, որովհետև այդ դաշտն այնքան էլ ծանոթ չէր, և միայն փորձով պիտի հասկանայի անելիքս: Այս ուստարում նախագծով ուսուցումը լիովին պարզեցրեց դասապրոցեսի կառուցվածքը, հստակեցրեց ուսուցչի անելիքը: Բոլորովին դուրս մղելով թուղթն ու գրիչը՝ մեդիայի հմտություններին տիրապետելը դարձավ առաջնահերթ: Նախագծով ուսուցման դեպքում մեդիան կարևոր դեր ու նշանակություն ունի: Նախագծով ուսուցումն արդարացնում է ուսման պահանջները, բայց նաև, ուսուցիչը դեռ շատ անելիքներ ունի: Ճիշտ է, նախագիծը պետք է նախապես պլանավորել, սակայն, երբեմն այն ստեղծվում է անսպասելի: Դա կարող է ստեղծվել սովորողների մտքերից, անսպասելի որևէ հետաքրքիր հեղինակի ընթերցելիս:

Սովորողների հետ սկսել եմ փոքր նախագծերից, անցում կատարել երկարաժամկետ նախագծերի: Մասնակցել ենք կրթահամալիրյան «Մեր ժամանակակիցները» նախագծին:

Յուրաքանչյուր հանդիպումից առաջ կարդացել, ուսումնասիրել ենք տվյալ քաղաքական գործչի, արվեստագետի, գրողի մասին, իսկ հանիպումից հետո սովորողները գրել են, պատմել իրենց տպավորությունների մասին:

Իրականցրած նախագծեր.

Սեպտեմբեր«Ընթերցանության ֆլեշմոբ» , «Ջրային շուշանների լեգենդը»

Հոկտեմբեր-«Աշուն», «Գրիգոր Նարեկացի»

Նոյեմբեր –«Մխիթար Սեբաստացի»

Վայոց ձորի մարզում «Մշակույթ անիվների վրա» նախագիծը /տեսանյութ/ իրականացնելիս

ծնվեց «Կոմիտաս» նախագծի շրջանակում նյութ ստեղծել:

«Մենք ժամանակակիցն ենք…» տեսանյութով ներկայացրել ենք այդ շարքը:

Դեկտեմբեր- «Պաբլո Պիկասո»,  աուդիոնյութեր՝ նախագծին վերաբերող—1. 2.

«Իրանական գրականությունՖիրդուսի»

«Ամանոր»

«Ամանորյա դիմակահանդես»

Ձեռքբերում եմ համարում Կրթահամալիրիս առաջընթացը, համերաշխությունը, միասնականությունը, ստեղծականությունը: Ձեռքբերում է այնպիսի լայն հնարավորությունը, ինչպիսին տալիս է կրթահամալիրը` աշխատելու, մասնակիցը լինելու տարբեր ստուգատեսների, սովորելու և սովորեցնելու:

2013թվականը ինձ համար աշխատանքի, ճամփորդելու, ընտանիքիս հետ բավականին երկար ժամանակ անցկացնելու տարի էր: Ափսոս, արագ են անցնում տարիները, սակայն համառ եմ, և անելիքներս էլ շատ են, ուստի իմ առջև խնդիր եմ դրել՝ աշխատել, ստեղծել, սիրել, հարգել: 2014թվականը շարունակությունն է սկսածի, նորարարությունները կատարելագործելու, էլի ստեղծելու, նոր թափով առաջ գնալու: Կարծում եմ՝ այդ ժամանակը կօգտագործեմ տեղին:

Մի հարց էլ էի ինքս ինձ ուղղել. երբեմն զայրանում ես, աշակերտների գլխին թափում բարկությունդ, խռովում ինքդ քեզնից….

Իմ պատասխանը-ընտանիքում էլ  սիրում եմ ու սիրված եմ, բայց լինում են զայրույթ, տհաճություններ: Կրթահամալիրն էլ է իմ ընտանիքը, որտեղ ապրում եմ, բարկանում, սիրում, որտեղ կյանքը հորդում է, ու ես ապրում եմ այդ կյանքով:

Շնորհակալություն: