Рубрика: Օրագիր

Հեմինգուեյի «Դեղձանիկը» Աշտարակում

Սա գործունեություն չէ, սա ապրելակերպ է:
Կարինե Մամիկոնյանի տեսանյութում, Մարիետ Սիմոնյանի բնորոշմամբ՝ ոգեղեն օրվա մի հատվածն է՝ գրական ակումբի հանդիպումը  Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի և մարզային գրադարանի աշխատողների հետ: Անմիջական մարդիկ, հետաքրքիր քննարկում և բարեկամության հաստատում: Գրական ակումբում միշտ լավ եմ զգում. արդյունավետ քննարկումները, ընթերցումները, շփումը հարազատ մարդկանց հետ խաղաղություն են հաղորդում: Մի անգամ փորձ արեցի գրական ընթերցումներից մի պատմվածք դասարան տանել, քննարկել: Արդյունքն ինձ ոգևորեց, մինչ այդ քննարկել էինք դասավանդողներով, հիմա ես լսում էի այլ մեկնաբանություններ, համեմատում էի մեր կարծիքները ու տեսա, որ մեր սովորողը սովորում է լսել, մտածել, արտահայտել իր զգացածը, հասկացածը: Սա գրեցի, քանի որ գրական ակումբում լինելը նաև օգնում է դասավանդողին:
….Իսկ օրն Աշտարակում… հրաշալի անցկացրինք օրը, որը լի էր ժպիտով, հումորով, մի քիչ խենթությամբ, մի քիչ լուրջ, բայց անընդհատ սիրելի ընկերների հետ: Վ. Պետրոսյանի անվ. դպրոցի աշխատակազմը մեղ դիմավորեց հին ծանոթների նման, չնայած հենց այդպես էլ կար՝ Մարիետ Սիմոնյանի և Թամար Ղահրամանյանի հին ծանոթներն էին, համակուրսեցիները, նաև՝ մերոնք ժամանակներ առաջ աշխատել էին այդ դպրոցում: Մարզային գրադարանի տնօրենը՝ ազնվազարմ մի տիկին, սիրալիր դիմավորեց, ներկայացրեց գրադարանի գործունեությունն ու անելիքները: Տպավորված ենք:
Կարճատև դադարը գետի ափին ամբողջացրեց մեր օրը:
Այս հանդիպումները, քննարկումները ծնում են նոր, հետաքրքիր անելիքներ, նախագծեր, որոնք, իհարկե, կիրականան:
Շնորհակալություն օրվա համար, սիրելի մարդիկ:

Реклама
Рубрика: Օրագիր

Գրական ակումբ

Դեղձանիկը՝ նվեր: Էռնեստ Հեմինգուեյ

Գրական ակումբը շարունակում է իր գործունեությունը: Հերթական ընթերցումն է, որի մասին իմ կարծիքը.

«Դեղձանիկը՝ նվեր» նովելը գրեթե ամբողջությամբ երկխոսության տեսքով է:
«Բանալի արտահայտությունները», որոնք անուշադիր ընթերցելու դեպքում գուցե աննշան թվան, կարևոր միտք են հաղորդում ստեղծագործությանը:
Դրանք նախապատրաստում են ընթերցողին անսպասելի ավարտին:
«Գնացքում բավական շոգ էր», «փոշեթաթախ ծառեր էին, ցոլացող ճամփա ու խաղողի հարթ այգիներ՝ գորշավուն բլուրներ թիկունքին…», «գործարանների ծուխը», «վառվող մի ագարակատուն», «վագոններ, որոնք վթարի էին ենթարկվել», իսկ «Ամերիկացիները աշխարհում ամենալա՛վ ամուսիններն են» կրկնվող արտահայտությունը արդեն հուշում է մոտալուտ ոչ սովորական վերջաբանը:
Չնայած դրան՝ ինձ համար, այնուամենայնիվ, անսպասելի էր ավարտը:
Կարդալիս հասկանում ես, որ չկան բարդ հանգույցներ, պարզունակ տեքստ է, բայց ամենևին այդպես չէ. Նովելը շփոթ է առաջացնում՝ անակնկալ վերջաբանով և խորունկ մտքերով:
Գրական ակումբը հետքրքիր է քննարկումներով, իրար լսելով և սիրելի մարդկանցով:
Մարիետ Սիմոնյանն  էլ խաղաղ, սիրով համակարգում է, ընտրում նյութերը: Այդ նյութերը ես առաջարկում եմ սովորողներին ևս կարդալ, մտորել, գրել:

 

 

 

Рубрика: Օրագիր

Հունիսի աշխատաժամանակ

Մայիսի 29-հունիսի 8

Ամառային ուսումնական ճամբար
Ամենօրյա ընդհանուր պարապմունք
Երեքշաբթի՝   Գրական ակումբ  14:30-15:30
Չորեքշաբթի ՝ մանկավարժական սեմինար
մեդիաուրբաթ
Պարապմունքներ քոլեջի հեռավար ուսանողների հետ՝ շաբաթ  օրեր
Աշխատանք բլոգում, ենթակայքում

Ավագ դպրոց

1. Ընթերցումներ՝ Պատմվածքներ
քննարկումներ -մեկական ժամ

2.  Հունիսի 3-ին. ժամը՝ 10:00- 14:00 —-Երևանյան ճամփորդություն՝
Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ, քայլք, ֆոտոպլեներ, հարակից տարածքում անտառային հատված է, ավելի ցածր՝ Զանգվի ձորն է  (Աջափնյակ):
Հարցազրույցներ աշխատողների, բնակիչների հետ, տեղեկատվական թերթիկների փոխանցում (ունեմ պայմանավորվածություն՝ ինստիտուտի տարածք մտնելու):

3. ֆիլմերի դիտում (ընտրում ենք սովորողների հետ):
Քննարկումներ:
Ամեն օր ջոկատը կազմում է հաջորդ օրվա ժամանակցույցը:
Օրվա լուսաբանումներ կայքերում, բլոգներում:

Ընդունելությանն ուղղված նախագծեր.

4.«Երևան 2800»-քաղաքային թափառումներ, զրույցներ անցորդների հետ, տեղեկատվական թերթիկների տարածում:

5. Այցելություն Ագարակ և կրտսեր դպրոցներ:

Ժամը 13:30 -ից 9-րդդասարանների խորհրդատվություն

Հունիսի 11-ից
Պետական ավարտական քննություններ

Տեղեկատվական թերթիկներ հասցեատերերին՝ այց Աջափնյակի չորս դպրոց (քննությունների օրերին, 11-րդ դասարանի սովորողների հետ:

Читать далее «Հունիսի աշխատաժամանակ»

Рубрика: Օրագիր

Սեբաստացիական հնարամտություն

 

depositphotos_91138666-stock-photo-white-cellphone-with-headphones
9-րդ դասարանում պետք է փոխադրություն գրեինք: Կարդացի տեքստը, մի քանի հարցադրումներ եղան, հասկացան և սկսեցին գրել: Լուռ աշխատում էին: Սովորողներից մեկն ինձ դիմեց՝ կարելի՞ է աշխատելիս ականջակալներով երաժշտություն լսել: Պատասխանեցի, որ այո. ի՞նչ կա որ, թող այդպես աշխատի: Նրան հետևեցին ևս մի քանիսը, իհարկե, հարցնելով իմ թույլտվությունը: Աշխատանքները վերջացրին, ինձ  ուղարկեցին: Սովորաբար հետո եմ կարդում գրածները, նշումներ անում, ուղարկում իրենց, կամ միասին նայում ենք, բացատրում եմ, ուղղումներ ենք անում:
Ուրեմն, կարդում եմ հերթական գրավորը, ով զարմանք՝  բառ առ բառ փոխադրված է, այ քեզ հիշողություն…. հետո էլի մեկը, հաջորդը…..չի կարող լինել այդպես, հիշել բառացի,  որոշ կրճատումներով փոխադրել:
Մի քանի օր անց ևս մեկ փոխադրություն ենք գրում: Դեռ չէի սկսել ընթերցելը, հնարամիտ սովորողներս հեռախոսները հանեցին ու սկսեցին շարել՝ որքան հնարավոր էր ինձ մոտ: Չկարողացա ժպիտս թաքցնել, սպասում էի դրան: Մեկ րոպեանոց իմ ճառից հետո նրանք հեռախոսները վերցրին՝ նույնիսկ չփորձելով հակաճառել: Լավ էին մտածել. ձայնագրել էին ինձ, ապա երաժշտություն լսելու պատրվակով, հանգիստ աշխատել էին՝ լսելով իմ ընթերցածը: Երկրորդ փորձը չհաջողվեց, ես գլխի էի ընկել: Գնահատեցի, իհարկե, տեխնիկայից օգտվելու կարողության, մեկ էլ՝ հնարամտության համար:

***********************************************************************************
«Գրական ակումբը» ներկայացնում է.
Կարդում ենք Թումանյան, Չարենց, Տերյան
Տեսանյութը՝ Հասմիկ Թոփչյանի

 

Рубрика: Օրագիր

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

f546d50ee7d635_546d50ee7da1d.thumb
Ամենասիրելի Հովհ. Թումանյանին

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:
Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:
Ձեր` Եղիշե Չարենց
Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.

Рубрика: Օրագիր

Գրական ակումբը

Սիրելով գրականություն՝ սիրում եմ գրական ակումբը, շաբաթական մեկժամյա քննարկումները, հանդիպումը գործընկերներիս հետ: Սովորելու բան միշտ կա. լսում ենք միմյանց, լրացնում, ազատ արտահայտվում այս կամ այն գրական ստեղծագործության մասին, կարծիք հայտնում: Մթնոլորտը՝ ջերմ, խաղաղ, համերաշխ: Լսվում են ամենաանսպասելի վերլուծություններ մեր երիտասարդ դասավանդողներից, ուրախանում եմ, որ նրանց գրավում է գրականությունը:
Մարիետն էլ իր հերթին ընտրում է չսպասված ստեղծագործություն, լինում են, որ կարդացած չենք էլ լինում, շնորհակալություն, Մարիետ ջան, աղջիկներ ջան:

Մարդը, որ ուզեց ապաքինվել: Դինո Բուցատի

Բուցատիի պատմվածքները և էսսեներ են և առակներ, հասկանում ես, որ կա փիլիսոփայություն, ֆանտաստիկա և, միևնույն ժամանակ՝ ռեալիզմ:
Պատմվածքները կարդում ես մի շնչով, լարված՝ մինչև վերջ, հուզիչ են ու դաժան: Կիսահեգնական տոն է զգացվում պատմվածքում, ցնցող՝ իր հասարակ լեզվով, համառոտ ֆրազներով: Հենց դա էլ խորհելու տեղիք է տալիս, ու երկար ժամանակ այդ ազդեցությունը զգում ես քո վրա: Նրա պատմվածքներում տեսնում ես մարդկային ուժեղ ու թույլ կողմերը, կարծում ես՝ դրանք այնքան բնական են, և ընթերցողը վաղուց գիտեր այդ, բայց զարմանում ես, ապշում, երբ հանդիպում ես այդ բնականին:
Վերջում՝ Բուցատիի պատմվածքները երկրորդ անգամ չեմ կարդա…

Рубрика: Օրագիր

«Կարդում ենք» նախագծով Աշտարակում ենք

Ելենա Սարգսյանն իր սովորողների հետ կազմել էր նախագիծ՝ «Կարդում ենք Աշտարակում»: Ես ևս միացա: Ինձ հետաքրքիր էր ավագ դպրոցի սովորողներին տեսնել ճամփորդության ընթացքում, միասին քայլել, միասին կարդալ: Ոսկեվազի և Ագարակի դպրոցներում արդեն սպասում էին մեզ: Սովորողները միանգամից ծանոթացան իրար հետ. անմիջականություն, որը հատուկ է պատանիներին: Մեր սովորողներին հարցնում էին, թե ինչպես են առանց տետր ու գրիչի դասեր անում, մերոնք էլ ասացին՝ եկեք, տեսեք, մասնակցեք, սովորեք:

Կարդացինք Թումանյան, Չարենց, լսեցինք գյուղի սովորողների առանձին երգերը: Սովորողները պատմում են գյուղի մասին, գինու գործարանի մասին: Ոսկեվազ գյուղը բավականին մեծ է՝ նորակառույց տներով, բարվոք այգիներով: Երկար քայլեցինք՝ դիտելով, ուսումնասիրելով փողոցները, փոքր ու մեծ շինությունները: Ագարակ գյուղի սովորողների հետ եղանք գյուղից դուրս գտնվող հնավայրերից մեկը: Տեսնել էր պետք, թե նրանք, իրար հերթ չտալով՝ ինչպես էին պատմում պեղումների ու գտածոների մասին, հպարտանում այդ հսկա սալաքարերով, խոսում ու պատմում էին:
Երկու գյուղի դպրոցներն էլ փոխադարձ այցելության ցանկություն հայտնեցին, մենք էլ հրավիրեցինք կրթահամալիր: Կգան ծառերով, թփերով, միասին կտնկենք:
Ճանաչեցի մեր սովորողներին, կատակեցինք, զրուցեցինք, քայլեցինք գյուղից գյուղ, ի դեպ, երկու գյուղում էլ առաջին անգամ էի լինում:
Լուսանկարները՝ Միշել Ղայթանջյանի բլոգից: