

















Վենետիկ….դոժերի, ջրանցքների և գեղավեստների հրաշակերտ քաղաք…..
Բազմաթիվ ջրանցքներ ու կամուրջներ, զբոսաշրջիկների ոտնակոխ հոսք, հրապարակներում՝ շպարված «կուրտիզանուհիներ», «երաժիշտներ», վենետիկյան հայտնի դիմակներ, պալացոների պատերը մերսող Գրանդ կանալեն, ջրերի վրա սահող գոնդոլներ և բոլորովին մեռնող քաղաք չհիշեցնող վազք: Կալլեներով անցնելիս ձեռքդ ձգվում է դեպի շենքերի աղյուսները, մատներիդ ծայրերը զգում են ծեփից պոկված թաց ավազահատիկները:
Վենետիկը հայության համար պատմականորեն արժանահիշատակ քաղաք է։ Թեկուզ հենց այն պատճառով, որ 1512 թվականին այստեղ է Հակոբ Մեղապարտը լույս ընծայել առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Սակայն հայ-վենետիկյան առնչությունների մասին ամենավաղ հիշատակությունները վերաբերում են 6-7-րդ դարերին։ Իսկ միջպետական առումով այդ հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում, հայ առևտրականների, նավաստիների ու նավաշինարարների շնորհիվ։
Վենետիկը վերջին երկու դարերում հայերին Ս. Մարկոսի տաճարից ու հրապարակից, դոժերի պալատից, Վերածննդի արվեստից, Ռիալտոյի կամրջից ու բազում ջրանցքներից և նրանցով թեթևասահ ընթացող գոնդոլներից առավել ձգել է Սուրբ Ղազարով:
Նավը սահում է Ադրիատիկի լազուր ջրերի վրայով, լողում է դեպի Սուրբ Ղազար: Լողում է ծովի հատակին մխրճված շեղաթեք գլուխներով գերանացցերի՝ Վենետիկի քաջ դոժերի ուրվական- հենասյուների կողքով:
Ահա երևաց կղզին. սիրտդ ուռչում է հուզմունքից:
Այցելելով հայկական Սուրբ Ղազար կղզին (Վենետիկի քարտեզի վրա այն այդպես էլ նշված է՝ «S.Lazzaro degli Armeni»), առաջինը, ինչ կտեսնեք փոքրիկ ծովախորշում, մեր «Կիլիկիա» նավն է։
Ս. Ղազար ուխտագնացությունը սկսվում է վանքի եկեղեցում գտնվող Մխիթար Սեբաստացու շիրմին խոնարհումով և ավարտվում Ղևոնդ Ալիշանի սենյակում լինելով:
Հիմնադիրը մի հոգևորական էր՝ Մխիթար անունով, ով եկել էր Սեբաստիայից՝ Մխիթար Սեբաստացին: Մինչ այդ կղզին պատկանում էր տեղի իշխանություններին և ծառայում էր որպես անկելանոց:
Երկար դեգերումներից հետո Մխիթար Սեբաստացին տեղի իշխանությունների բարեհաճության շնորհիվ վերջապես հաստատվում է Վենետիկում և հիմնում այն միաբանությունը, որը հետագայում պետք է կոչվեր նրա անունով: Մխիթարյան միաբանությունը հիմնվեց ու մինչ օրս գործում է Սուրբ Ղազար կղզում:
Կղզում պահպանվում են այն անցքերը, որոնց միջոցով ժամանակին սնունդ ու անհրաժեշտ պարագաներ էին փոխանցում հիվանդներին: Նախախնամությամբ՝ հենց այս կղզուն էր վերապահված դառնալու հայ մշակույթի ջահակիրը 18-19-րդ դարերում: Լեոյի բնորոշմամբ՝ 18-րդ դարը հայ ժողովրդի համար դարձավ Մխիթարյանների դար:
Մխիթարյան միաբանները բոլորովին նոր մակարդակի հասցրեցին հայ տպագրությունը: Նրանց հիմնական աշխատանքը եվրոպական հետազոտական մեթոդների կիրառումն էր հայագիտության տարբեր ոլորտներում:
Հայկական մշակույթի, պատմության, աստվածաբանության, փիլիսոփայության, լեզվի և գրականության պահպանման խոշոր կենտրոն Մխիթարյան միաբանությունը գործել է Կոստանդնուպոլսում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզի տեղափոխվել է 1717թվականին:
Միաբանությունը գոյություն ունի արդեն ավելի քան 300տարի, որի ընթացքում այնտեղ այցելել և ուսանել են բազմաթիվ հայտնի մտավորականներ, որոնցից մեկն էլ անգլիացի գրող Ջորջ Գորդոն Բայրոնն է: Հայտնի է, որ նա հայերեն է ուսանել Հարություն Ավգերյանի մոտ: Ինքնին հուզիչ ու անմոռանալի է լինել մի վայրում, որ յուրօրինակ լուսապսակ ունի ասես ցանկացած հայի համար, քանզի այս կղզում են ապրել և մեր մշակույթը, գիր-գրականությունը, հայագիտությունը զարգացրել ազգի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Մխիթար Սեբաստացի աբբահայրը, Ղևոնդ Ալիշանը, «Բազմավեպի» հիմնադիր-խմբագիր Գաբրիել Այվազովսկին և բազում այլք: Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ բացել է 25 դպրոց, որոնցից պահպանվել են միայն 5-ը: Այժմ միաբանության կազմում կան 26 միաբաններ, ովքեր շարունակում են հայապահպան գործունեությունը:
Եվ այդ ամենի մասին վկայությունները մինչ այժմ էլ խնամքով պահվում են Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ներկայիս վանականների կողմից։ Սուրբ Ղազարի Մխիթարյան թանգարանն ամփոփում է անգնահատելի նմուշներ, որոնցից առավել հուզիչը Կիլիկիո Լևոն Զ թագավորի թուրն է՝ պատրաստված Սիսում, 1366 թվականին։ Ոչ պակաս ճոխ է միաբանության պատկերասրահը՝ Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Գառզու, իսկ ձեռագրատանը պահվում են շուրջ հինգ հազար մագաղաթյա նմուշներ, բացի այդ, Մխիթարյան հրատարակության բազմահազար հատորներ։
«Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան հայ ֆիդայիների զենքերից»,-սուլթան Համիդի այս խոստովանությունը լավագույնս բնորոշում է հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանների դերն ու նշանակությունը:
Հայաստանն ու հայ մշակույթը օտարներին ներկայացնելն ըստ էության կատարվում է գրեթե ամեն օր, բավական գեղեցիկ ձևով ու բարձր մակարդակով՝ միահյուսված երեքհազարամյա մումիայից մինչև եվրոպական վերածնության արվեստը ներկայացնող ցուցանմուշների և կտավների հետ:
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն առ այսօր շարունակում է Մխիթար աբբահոր առաքելությունը, առաքելություն, որը շնորհված էր նրան ի վերուստ: Читать далее «2013թ. Վենետիկ, Սուրբ Ղազար» →